Ճարտարապետական թեմաների քննարկմանն ուղղված «Նպատակ» միջազգային երկրորդ փառատոնին Հայաստանում են համախմբվել եվրոպական, ամերիկյան և ռուսական առաջատար ճարտարապետական ստուդիաների ներկայացուցիչները։ Նրանք հանդես կգան ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման ուղղությամբ աշխարհում առկա մոտեցումների, մասնագիտական հանրույթում տարբեր մարտահրավերների և հնարավորությունների շուրջ դասախոսություններով և քննարկումներով։
Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը փառատոնի գլխավոր հովանավորն է։
«Անչափ կարևորելով ճարտարապետներ-PROFAL համագործակցությունը՝ մենք մշտապես նմանատիպ նախաձեռնությունների կողքին ենք։ Ճարտարապետական միտքն ու լուծումները նոր որակ ու յուրահատկություն են հաղորդում մեզ շրջապատող միջավայրին՝ ստեղծելով տարածքներ և կառույցներ, որոնք ոչ միայն ֆունկցիոնալ են, այլև ոգեշնչող։ Լինելով միջազգային և տեղական փորձի փոխանակմանն ուղղված հարթակ՝ «Նպատակ» միջազգային փառատոնը Հայաստանում ճարտարապետության ոլորտի զարգացմանը նպաստելու կարևոր նախաձեռնություն է»,-ասել է PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։
Առաջին փառատոնի արդյունքներից ոգեշնչված՝ «Նպատակի» կազմակերպիչները վստահ են, որ երկրորդն էլ ավելի արդյունավետ կլինի՝ հաշվի առնելով փառատոնին մասնակից միջազգային ստուդիաների քանակն ու կշիռը։
«Ճարտարապետությունը միայն շենքեր նախագծելը չէ. այն յուրատեսակ գիտություն է շրջապատի հետ մեր հարաբերությունների, մտածելակերպի և փոխազդեցության ձևավորման մասին: «Նպատակ»-ով մենք ցանկանում ենք Հայաստան բերել համաշխարհային ճարտարապետական լավագույն միտքը՝ միաժամանակ աշխարհին ցույց տալով հայ տաղանդների հարուստ ներուժը: Մենք հավատում ենք, որ համագործակցության և բաց երկխոսության միջոցով մենք կարող ենք ոգեշնչել ճարտարապետների նոր սերնդին և նպաստել հայկական ճարտարապետության առաջխաղացմանը միջազգային հարթակներում»,- նշել է «Նպատակ»-ի համահիմնադիր Հայկ Շահինյանը:
Այս տարվա փառատոնին դասախոսություններով և քննարկումների շարքով հանդես են գալիս միջազգային ճանաչում ունեցող 9 ճարտարապետական ստուդիաներ՝ FALA (Պորտուգալիա), (ab)Normal (Իտալիա), WOJR (ԱՄՆ), Dinelljohansson (Շվեդիա), Bajet Giramé (Իսպանիա), Lütjens Padmanabhan (Շվեյցարիա), AMUNT (Գերմանիա), Meganom (ՌԴ) ստուդիաները և HEAD – Genève (Շվեյցարիա) համալսարանը:
Շվեյցարական Lütjens Padmanabhan ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Օլիվեր Լյութիենսը «Նպատակ» փառատոնին մասնակցությունը համարում է լավ հնարավորություն ծանոթանալու տարբեր երկրներում ճարտարապետության զարգացմանը: «Ճարտարապետությունը առնչվում է յուրաքանչյուրին, այն ոչ միայն բավարարում է մարդկանց ամենահիմնարար կարիքները, բայց նաև մշակութային բաղադրիչ է պարունակում, այն լեզու է, որով խոսում ես մարդկանց հետ: Ու ես ուրախ եմ, որ մենք Հայաստանում հնարավորություն ունենք ծավալել այդ երկխոսությունը»: Երևանյան տուրից հետո Օլիվեր Լյութիենսին տպավորել է տուֆ քարը, որն, ըստ նրա, հայկական ճարտարապետությանն ամրություն է հաղորդում:
Միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը, աջակիցների թվում են նաև Renshin Urban Investments-ը և AGBU Հայաստանն՝ իր Katapult նախագծով։ Միջոցառմանն աջակցել են նաև մի շարք ճարտարապետական ստուդիաներ: Փառատոնային միջոցառումներն անցկացվում են Կոմիտասի անվան կամերային տան շենքում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում և Common Grounds հարթակում:
«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին մի խումբ ճարտարապետների կողմից։ «Նպատակ»-ի հիմնադիրներներն են Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանը, Արմեն Հակոբյանը և Արինե Քեշիշին: Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը և խթանել հայկական ճարտարապետության զարգացմանը, երիտասարդ տաղանդների միջազգային տեսանելիության ու մրցունակության բարձրացմանը։