Call Now

Ինտերիեր դիզայնի ու կոնստրուկցիաների նախագծման ապագա

Ինտերիեր դիզայնի ու կոնստրուկցիաների նախագծման ապագա

մասնագետներն այցելել են PROFAL-ի արտադրամասեր

Հայաստանում ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունը շարունակում է ճանաչողական այցերի շրջանակում իր արտադրամասերում հյուրընկալել ոլորտային մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին և ուսանողներին: U.PROject ճարտարապետական արվեստանոցի աշխատակիցներն ու արվեստանոցում պրակտիկա անցնող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանողները սեպտեմբերի 13-ին շրջայց կատարեցին PROFAL ընկերության արտադրամասերում: Նրանք ծանոթացան արտադրության ամբողջական գործընթացին՝ հումքից մինչև պատրաստի արտադրանքի ստացում:

PROFAL ընկերության ղեկավարության մակարդակով մշտապես խրախուսվել է մասնագիտական համայնքի հետ կապերի ամրապնդումն ու ուսանողների հետ աշխատանքը: Ինչպես բազմիցս նշել է ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը, PROFAL-ի համար կարևոր է կուտակած փորձի փոխանակումը երիտասարդ մասնագետների հետ, ովքեր ունեն հնարավարություն ապագայում համալրելու ընկերության շարքերը:

U.PROject ընկերության համահիմնադիր տնօրեն Արթուր Ավդալյանը, ով դասավանդում է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, նշում է, որ նման այցերն ուսանողներին թույլ են տալիս ավելի լավ պատկերացնել իրենց իսկ ստեղծած նախագծերի իրագործման ընթացքը: «Շատ անգամ ուսանողներն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես են մեխանիզմներն աշխատում, ինչպես են իրենց նախագծերն իրականություն դառնում: Հենց այդ նպատակով էլ որոշեցինք այց կազմակերպել արտադրամաս, որպեսզի հեշտացնենք նաև նախագծման գործընթացը: Ինձ թվում է ուսանողներն արդեն ավելի արդյունավետ ու կատարյալ մշակված նախագիծ կներկայացնեն, երբ լիովին հասկանան՝ ինչպես են հանգույցները, մեխանիզմներն ու այլ գործընթացներն աշխատում»,-նշեց Արթուր Ավդալյանը:

Նրա խոսքով՝ PROFAL ընկերություն այցելությունը հատկապես օգտակար է նրանով, որ այստեղ հնարավոր է ծանոթանալ մի շարք գործընթացների՝ կահույքի նախագծումից մինչև կոնստրուկցիաների պատրաստում:

Շրջայցի մասնակից, ինտերիերի դիզայն մագիստրոսական ծրագրի ուսանող Անուշ Համբարձումյանը նկատեց, որ նմանատիպ այցերով ամրապնդվում են ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունները: «Մի բան է կարդալը, մեկ այլ բան՝ սեփական աչքերով տեսնելը: Ես ինտերիեր դիզայներ եմ, ապագայում էլ աշխատելու եմ իմ մասնագիտությամբ: Վստահ եմ՝ այսպիսի այցերը նպաստելու են, որ կատարելագործեմ գիտելիքներս»,-ասաց ուսանողուհին՝ հավելելով, որ արդյունավետ ու հաջողված օր են անցկացրել հայաստանյան լավագույն ընկերություններից մեկում: