Call Now

«PROFAL»-ն ինձ սովորեցրեց պայքարել, հաղթել և երբեք չհիասթափվել...

Բարդ խնդիրներ լուծելու և տարատեսակ իրավիճակներից հաղթանակած դուրս գալու ձգտումը Ասատուր Աղախանյանին պատանեկության տարիներին կանգնեցրին կամրջաշինարար դառնալու որոշման առաջ: Դա ամենևին կայացած ու «PROFAL» ընկերության գլխավոր ինժեներ դարձած Ասատուր Աղախանյանի մանկության երազանքնը չէր, սակայն սիրել ու տիրապետել ընտրած մասնագիտությանը, նրա մոտ ստացվեց:

Դեռ մանկուց սիրում էի ինձ համար ինչ-որ անելանելի իրավիճակներ ու բարդություններ ստեղծել ու հաղթահարել դրանք: Հետո միայն համեմատականներ անցկացրեցի ու հասկացա՝ կամուրջները հենց արհեստական արգելքներ հաղթաահարելու նպատակով են կառուցվում:

Դպրոցական տարիներին տարված էի բնագիտական առարկաներով: Բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծելն ինձ դուր էր գալիս:
Չեմ պնդի, որ երազում էի կամրջաշինարար դառնալու մասին. ես մասնագիտական ընտրություն կատարեցի մեր երկրի համար չափազանց դժվար ժամանակաշրջանում: Կարծես ճակատագրի հեգնանք լինի՝ ես սիրում եմ բարդություններ հաղթահարել, բայց այդ ժամանակ որևէ ոգևորվածություն չկար, կար միայն ճիշտ որոշում կայացնելու խնդիր: Սկզբում պարզապես սովորում էի, հետո հասկացա, որ կամրջաշինարարությունն այն բարդ մասնագիտությունն է, որը ցանկանում եմ բացահայտել: Ես սիրեցի այն:

Հայրենիքի առաջ պարտքը կատարելուց հետո Ասատուր Աղախանյանը շարունակեց աշխարհի լավագույն կամուրջների առեղծվածները բացահայտել ու սեփական նախագծեր իրականցնելու փորձեր արեց: Եթե այդ ժամանակ նրան ասեին, որ մի քանի տարի անց ինքն այլ ոլորտում է աշխատելու՝ կծիծաղեր:


Ուսումնասիրելու, բացահայտելու ու ստեղծելու պատրաստակամությունն ինձ օգնեց, որպեսզի ես սովորեմ նաև իմ մասնագիտության հարակից կարևոր բնագավառները: Այդպես սկսեցի ինքնուրույն մի քանի նախագիծ իրականացնել: Տարբեր վայրիվերումների, հաջողությունների ու անհաջողությունների փուլ էր իմ կյանքում, երբ ընկերներիցս մեկն ինձ հուշեց, որ Հայաստանում կա արտադրության ոլորտում զարգացման հեռանկարներով նորաբաց ընկերություն: Բնականաբար էմոցիոնալ որոշումներ կայացնելու ժամանակ չկար. ընդունվեցի աշխատանքի որպես վարպետի օգնական:

Երբ առաջին անգամ եկա «PROFAL», պատկերացում անգամ չունեի, որ 16 տարի անց ոչ միայն դառնալու եմ գլխավոր ինժեներ, այլև՝ ղեկավարելու եմ Ընկերության ընդհանուր արտադրական գործընթացը:
Այսօր ես հնարավորություն ունեմ որոշումներ կայացնել արտադրական և շինարարական ոլորտի առաջատար ընկեորւթյան կարևոր ենթակառուցվածքներից մեկում (խոսքը բնականաբար մեր Ընկերության քաղաքականության մասին չէ, այլ իմ պարտականությունների շրջանակաում որոշումների ու ղեկավարման): Դրանից լավ պարգևատրում ճակատագրից ակնկալել չէր կարելի:

Արդեն երկար տարիներ աշխատանքային օրը գլխավոր ինժեները սկսում է վաղ առավոտից: Նա կանոնակարգում է շուրջ 400 թիմակցի աշխատանք, հոգում նրանց աշխատանքային պայմանների ճիշտ կազմակերպումը, հանդիպումներ ունենում ղեկավար կազմի, պատվիրատուների հետ: Նրա և ամբողջ թիմի գլխավոր նպատակն է սեղմ ժամկետներում կազմակերպել բոլոր նախագծերի իրականացումը: Ասատուր Աղախանյանը պնդում է լավ արդյունք գրանցելու համար, պետք է հոգալ նաև թիմակիցների մասնագիտական որակի բարձրացման , աճի ու զարգացման մասին:

Ես մեծ պատասխանատվություն եմ կրում մեր աշխատակիցներին ամեն օր նոր բան սովորեցնելու, ճիշտ և գրագետ աշխատելու, որակով արտադրանք ստանալու, հաճախորդների կամ միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի … ամեն-ամեն ինչի համար: Մեր Ընկերության համար շատ կարևոր է ոչ միայն կիրթ և զարգացած աշխատակիցներ ունենալը, նրանց՝ ամեն ինչ կանոնակարգել կարողանալու հմտությունները, այլև մասնագիտական աճի համար կարևոր քայլերն իրականացնելը: Աշխարհում ամեն բան, ամեն ոլորտ ու մասնագիտություն մարտահրավեր է. մեր թիմը պատվով է հաղթահարում այն:

Կյանքի ամեն շրջանում ձեռք բերած գիտելիքների ու որոշակի փորձի, ներքին համոզմունքների ու պարտաճանության շնորհիվ յուրաքանչյուր մարդ, հատկապես մեծ թիմի ղեկավարը, կարողանում է հարթել ցանկացած բարդ իրավիճակ: Այդ ամենն իրագործելու համար կարևոր է նաև թիմային աշխատանքը՝ կարծում է «PROFAL» ընկերության ընդհանուր արտադրության ղեկավարը:

«PROFAL»-ն իմ ընտանիքն է, իմ կյանքի 16 տարվա պատմությունը: Մենք միասին ենք մեծացել, զարգացել ու հաջողել: Ինձ հետ ես բերել եմ գիտելիք, իսկ «PROFAL»-ն ինձ տվել է միջավայր ու հնարավորություն՝ միավորելու մեր ուժերը: Այստեղ ես սովորել եմ պայքարել, հաղթել և երբեք չհիասթափվել:
Գիտեք՝ որքան էլ ղեկավարն անձնական բարձր որակներով օժտված լիդեր լինի և կարողանա ճիշտ որոշումներ կայացնել, նա պետք է շրջապատված լինի շնորհալի անձանցով: Այդքան սպասված արդյունքը գրանցելու համար, իսկապես կարևոր է ամուր ու վստահելի հենարան ունենալը: Ես ունեմ այդ հենարանը: Միթե՞ հաջողակ չեմ….