Call Now

Կանայք արտադրությունում

Աննա Հակոբյան, Ֆյուզինգի տեղամաս

2018 թվականից «Պրոֆ Ալ» ընկերության ֆյուզինգի տեղամասում աշխատող, թիմի ամենադրական ու ստեղծագործ անդամներից մեկն է: Դեռևս մանկուց արվեստի, մասնավորապես՝ նկարչության, գույների աշխարհում է: Ասում է՝ տարբեր ոլորտներում է իրեն փորձել. դիզայն, հագուստի մոդելավորում և այլն: Բայց հիմա գտել է այն զբաղմունքը, որն ամենահոգեհարազատն է.

«Դեկորատիվ նկարչությունն է տարերքս, երբ իմ երևակայական աշխարհների պատկերացումները կարողանում եմ արտացոլել իմ աշխատանքներում»։

Երբ եկավ «Պրոֆ Ալ» ընկերություն, դեռ շատ գաղտնիքների չէր տիրապետում, բայց հաջողեց սեփական համառության, աշխատասիրության շնորհիվ, և իհարկե, «Պրոֆ Ալ»-ի թիմի աջակցությամբ.

«Եկա «Պրոֆ Ալ» և միանգամից հայտնվեցի գույների, ապակիների աշխարհում՝ ստեղծագործական մթնոլորտում։ Ապակու հետ աշխատելու բոլոր նրբությունները հենց այստեղ եմ սովորել։ Սկզբում անգամ կտրիչը բռնել չգիտեի, բայց ինձ առաջ մղեց գեղեցիկը ստեղծելու մեծ ցանկությունն ու թիմի ոգևորիչ խոսքերը, և ես շատ արագ հմտացա: Մինչև հիմա պահում եմ ֆյուզինգից ստեղծված իմ առաջին գործը. փոքրիկ տոնածառ է»։

Միշտ ցանկանում էի ունենալ այնպիսի աշխատանք, որն իմը կլինի՝ իմ տեսակին, բնույթին համապատասխան, որում ամեն ինչ կանեմ սիրով և որտեղ շրջապատված կլինեմ հաճելի մարդկանցով: Շատ մեծ նշանակություն ունի հենց թիմը, որովհետև դրա անդամներն իմ մոտիվացիաներից մեկն են։ Այդ ամենի շնորհիվ է, որ այստեղ ես չեմ հոգնում։

Ոչինչ և ոչ մի տեղում հեշտ չէ, եթե պատրաստ չես նորը սովորելու, ինքդ քեզ վրա աշխատելու և կատարելագործվելու: Եվ ինչպես բոլոր գործերում, այստեղ ևս համառություն է պետք։ Ինքս տեսակով այդպիսին եմ. երբեմն նույնիսկ շատ երկար եմ մնում տեղամասում, ավարտին հասցնում արդեն սկսած գործը, որովհետև ոչինչ կիսատ թողնել չեմ սիրում։ Եվ կարելի է ասել, որ հաջողությանս բանաձևը աշխատասիրությունն է»:

Մեծ պարտավորությամբ, բայց պատվով հաղթահարում է իր առջև դրված խնդիրն ու արդարացնում հաճախորդի սպասելիքները: Հավաստիացնում է, որ աշխատանքում ամենամոտիվացնողն արդյունքն է.

«Աշխատանքումս սիրում եմ ամեն ինչ` մտահաղացումից սկսած մինչև իրականացման բուն ընթացքն ու, իհարկե, վերջնարդյունքը: Բայց ամենաոգևորողը հաճախորդի գոհունակ ժպիտն է, երբ զգում եմ, որ կարողացել եմ արդարացնել հույսերն ու սպասելիքները:

Իսկ ոգեշնչվում եմ ամեն ինչից՝ բնություն, գույներ, մարդիկ, երաժշտություն... »

Երազանքներն ու ապագայի պատկերացումները «Պրոֆ Ալ»-ի ու ֆյուզինգի հետ են կապված.

«Շատ գաղափարներ ունեմ մտքումս, որոնք ուզում եմ անպայման կյանքի կոչել: Մեծ երազանք ունեմ, որ բոլորն իմանան՝ ինչ է ֆյուզինգը և իմանան հենց «Պրոֆ Ալ»-ի միջոցով, և որ մեր արտադրանքը ճանաչելի լինի նաև Հայաստանից դուրս։ Ուզում եմ,որ ընդլայնվենք, համալրվի «Պրոֆ Ալ»-ի մեր մեծ ընտանիքը, և բոլորս միասին աշխատենք մեկ ընդհանուր նպատակի համար»: