Call Now

Կանայք արտադրությունում

Կանայք արտադրությունում

Մարիա Մինասյան, շերտավարագույրների տեղամաս

Մարիա Մինասյանը «Պրոֆ Ալ» ընկերությում է աշխատում 2010 թվականից: Նա ընկերության շերտավարագույրների տեղամասի միակ կին աշխատակիցն է: Կար ու ձևի ոլորտում մասնագիտական քայլերը սկսել է հենց «Պրոֆ Ալ»-ից, որտեղ թեև աշխատանքային առաջին օրերին դժվարությունների է հանդիպել, բայց հետագայում թիմի շնորհիվ կարողացել է դառնալ ամենափորձառու մասնագետներից մեկը.

«Սկզբում մտածում էի, որ գուցե ինձ մոտ չստացվի, որովհետև շերտավարագույրների պատրաստումը շատ նուրբ ու մանրակրկիտ աշխատանք է, և մեծ փորձառություն է պահանջում: Բացի գործվածքներից նաև ալյումինե և այլ մետաղական մասերի հետ ենք աշխատում: Բայց թիմում ինձ բոլորն օգնեցին, քաջալերեցին, սովորեցրեցին այն, ինչ չգիտեի և հիմա արդեն հեշտությամբ կատարում եմ իմ առջև դրված բոլոր առաջադրանքները»:

Մարիայի ամուսինը ևս աշխատում է «Պրոֆ Ալ»-ում՝ ապակու արտադրամասում: «Պրոֆ Ալ»-ը նրանց համար դարձել է երկրորդ տուն. միասին գալիս են աշխատանքի, միասին ընդմիջում անում, միասին էլ տուն վերադառնում.

«Շատ եմ սիրում «Պրոֆ Ալ»-ը. այստեղ ենք անցկացնում մեր օրվա մեծ մասը: Սա մի վայր է, որտեղ գնահատվում է քրտնաջան ու նվիրված աշխատանքը: Ճիշտ է՝ կար ու ձևն իմ հիմնական մասնագիտությունն է, բայց «Պրոֆ Ալ»-ի շնորհիվ զրոյից նեղ մասնագիտացում եմ ստացել: «Պրոֆ Ալ»-ը նաև պատճառներից մեկն է, որ ես և ամուսինս Հայաստանը լքելու մեր երբեմնի ցանկությունից ընդմիշտ հրաժարվեցինք»:

Մարիան աշխատանքային առօրյան չի պատկերացնում առանց թիմի ու ընկերների: Նրան ոգևորում են իր աշխատանքի արդյունքները և այն, թե ինչպես են մեկ սովորական, անմշակ կծիկից ստանում ավարտուն և գեղեցիկ արտադրանք.

«Մեր արտադրամասը փոքրիկ ընտանիք է, աշխատանքս չեմ պատկերացնում առանց այդ ընտանիքի անդամների: Աշխատում ենք համախմբված և միմյանց օգնելով: Բոլորիս համար աշխատանքում առաջնայինը որակն ու մեր հաճախորդների վստահությունն է: Մեր հաջողության գրավականն ու բոլորիս միավորողը պարտաճանաչ, նվիրված ու ազնիվ աշխատանքն է»: