Call Now

Կանայք արտադրությունում

Աիդա Խաչատրյան, ներկման և թաղանթապատման տեղամաս

Աիդա Խաչատրյանը «Պրոֆ Ալ» ընկերության ալյումինե պրոֆիլների ներկման և թաղանթապատման տեղամասի հմուտ թիմի անդամներից մեկն է: Իր առաջին աշխատանքային փորձառությունը սկսել է 10 տարի առաջ հենց «Պրոֆ Ալ»-ից: Այստեղ 0-ից նոր հմտություններ է ձեռք բերել, կատարելագործել մասնագիտական որակներն ու դարձել տեղամասի լավագույն ու բանիմաց աշխատակիցներից մեկը:

«Պրոֆ Ալ»-ը եղել է իմ առաջին աշխատավայրը, իսկ այստեղ առաջին աշխատանքային օրը երբեք չեմ կարող մոռանալ: Անծանոթ միջավայրն ու աշխատանքի բնույթը խորթ էին ինձ համար, մի պահ անգամ երկմտեցի, մտածում էի՝ գուցե ինձ մոտ չստացվի: Բայց սիրալիր ու պատրաստակամ թիմի օգնությամբ հաղթահարեցի դժվարություններն ու սովորեցի աշխատանքի նրբությունները»։

Աիդան ներկման արտադրամասի 3 կին աշխատակիցներից մեկն է։ Ըստ նրա՝ այս ոլորտում հիմնականում տղամարդիկ են աշխատում, քանի որ աշխատանքը մի փոքր բարդ է և ֆիզիկապես ծանր, բայց մյուս կողմից էլ այն պահանջում է մանրակրկիտ մոտեցում, ձեռքի նուրբ աշխատանք...Կանայք հաջողում են այս գործում և ապահովում բարձր որակ` շնորհիվ իրենց համբերատարության:

«Յուրաքանչյուր աշխատանք ունի իր բարդությունները, բայց եթե իսկապես սիրում ես այն, ինչով զբաղվում ես, այլևս ոչինչ անհնար չի թվում: Գուցե անհամեստ հնչի՝ բայց հիմա նույնիսկ աչքերս փակ կարող եմ կատարել ինձ վստահված գործը»։

Աիդան մեկ օր անգամ չի պատկերացնում առանց սիրած աշխատանքի։ Եթե ինչ-որ պատճառներով բացակայում է, կարոտում է արդեն հարազատ դարձած մթնոլորտը, ընկերներին: Առաջինն ինքն է գալիս աշխատավայր նախ կարգի է բերում աշխատասենյակը, միացնում է վառարանը, մինչև որ ժամանում են կոլեգաներն ու միասին գործի անցնում։ Աիդան ջերմությամբ է խոսում նրանց մասին, բոլորի հետ ընտելացել է, բոլորն իրեն սիրում են, ինքն էլ` բոլորին։

«Մեր աշխատանքային օրն անցնում է շատ ուրախ և դրական մթնոլորտում։ Երևի թե հենց դա էլ ինձ գրավեց և օգնեց արագ ինտեգրվել թիմին։ Աշխատում ենք միասնական և համախմբված։ Բոլորիս համար առաջնայինը պատասխանատու, պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելն ու որակ ապահովելն է, ինչի շնորհիվ մեզ հաջողվում է արժանանալ ինչպես մեր ընկերության, այնպես էլ հաճախորդների վստահությանը»: