Call Now

2019 թվականին շինարարական բում էր, գալիք տարին՝ ավելի խոստումնալից է լինելու. Էդգար Ավետիսյան

2019 թվականը Հայաստանի շինարարական ոլորտի համար բարենպաստ տարի էր: Իրականացվեցին բազմաթիվ ներդրումային ծրագրեր, շահագործման հանձնվեցին բնակելի նոր համալիրներ, հասարակական նշանակության տարբեր կառույցներ: Այս գործընթացների ակտիվ մասնակիցներից էր շինարարական ոլորտի առաջատարներից «Պրոֆ Ալ» ընկերությունը: Անցնող տարվա ձեռքբերումների, իրականացված նախագծերի, 2020 թվականի առաջիկա անելիքների մասին զրուցեցինք ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանի հետ:

2019 թվականը՝ խոշոր ներդրումների տարի

Ոչ միայն «Պրոֆ Ալ»-ի, այլեւ ընդհանուր առմամբ շինարարական ոլորտի համար տարեսկիզբը հեշտ չի մեկնարկել, սակայն 2019 կեսերից շինարարական բում նկատվեց։ Այդ ակտիվությունը տեսնելով ու հուսալով, որ նույն տեմպերը կլինեն նաեւ արտահանման գործընթացներում՝ մենք որոշեցինք մեծ ներդրումներ իրականացնել արտադրության ծավալները մեծացնելու նպատակով:

Որոշումը եղել է դեռեւս 2018 թվականի վերջին: Ներկայացրել ենք բիզնես պլան HSBC բանկին, այնուհետեւ բանկի Լոնդոնի մասնաճյուղ, ստացել ենք ֆինանսավորում եւ 2019-ի երկրորդ եռամսյակից մեկնարկել ծրագիրը: Սա համարում եմ մեծ ձեռքբերում. մեզ համար կարեւոր է այն, որ «Պրոֆ Ալ»-ին վստահել եւ հավատացել են: Այս պահին կարող եմ արձանագրել, որ Հայաստանում շինարարական բում է, որը, ըստ իս, առաջիկա մի քանի տարիներին դեռ շարունակվելու է։

2019 թվականի ընթացքում մեզ համար շատ կարեւոր էր ՀՀ կառավարության կողմից շուրջ 11 մլրդ դրամի հարկային արտոնություն տրամադրելու որոշումը, որը լուրջ խթան էր նոր ներդրումային ծրագրերի իրականացման, արտահանման ծավալների աճի, տեղական արտադրության զարգացման համար։ Այս նախագծի միջոցով ընդլայնեցինք մեր գործունեության շրջանակն ու արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, իսկ ներմուծման արտոնությունը օգտագործեցինք ալյումինե դռների, պատուհանների եւ կոնստրուկցիաների արտադրության համար։

2019 թվականի ընթացքում ներդրումների համար նախատեսված ընդհանուր 10 միլիոն դոլարից ներդրել ենք 4 միլիոնը։ Սկսել ենք աշխատել տնկարան կառուցելու ուղղությամբ: Այն իր տեսակով եզակի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Արտասահմանից ներկրված հատուկ բուսատեսակներով, ծառերով զով ու կանաչ տնկարանը ծառայելու է նաեւ որպես բուսաբանական այգի՝ զբոսնելու, բնությունը վայելելու եւ ընտանեկան ժամանցի համար։ Տնկարանի տարածքում գործելու է նաեւ վարչական շենք՝ նախատեսված կրթական ծրագրերի համար։

Մնացյալ 8 միլիոն դոլարն ուղղել ենք նոր գործարանի կառուցմանը: Գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է լինելու՝ հագեցած արտերկրից ներկրված գերժամանակակից հաստոցային տեխնիկայով:

Եթե անցում ենք կատարում արտադրության ավտոմատացման, դա ամենեւին չի նշանակում աշխատատեղերի կրճատում, ընդհակառակը. նախատեսում ենք 50 նոր աշխատատեղի ստեղծում։ Մարդկային ռեսուրսներն այս գործընթացում անփոխարինելի են:

Made in Armenia-ն՝ որակի չափանիշ. «Պրոֆ Ալ»-ը՝ ՀՀ սահմաններից դուրս

«Պրոֆ Ալ»-ն իր արտադրանքն արտահանում է 2013 թվականից եւ վստահաբար կարող եմ ասել, որ «Made in Armenia»-ն համարվում է եվրոպականին համարժեք որակ GULF երկրներում:

Այս պահին բանակցություններ ենք վարում ամերիկյան շուկաներ նվաճելու ուղղությամբ։ Եվ որպես առաջին քայլ մեր ընկերությունն ԱՄՆ-ում անդամակցում է դուռ եւ պատուհան մատակարարող ընկերությունների միությանը։

2019 թվականի ընթացքում արտերկրում իրականացրած նախագծերը մեծամասամբ եղել են հյուրանոցային համալիրների, առանձնատների, գրասենյակային տարածքների կառուցապատման աշխատանքներ։ Միջազգային ծրագրեր ենք մեկնարկել այնպիսի շուկաներում, ինչպես օրինակ՝ Սաուդյան Արաբիան է, որտեղ մուտք գործելու գլխավոր նախապայման են հանդիսացել որակյալ ու տպավորիչ պորտֆոլիոն, եվրոպական չափանիշներին համապատասխանությունը, ընկերության տեսլականն ու ռազմավարությունը։

Որպես 2020 թվականի ընթացիկ մեծ նախագիծ՝ առաջարկ ենք ստացել միջազգային ամենահայտնի եւ բարձրակարգ հյուրանոցային ցանցերից մեկի` ’’Kempinski Hotels’’-ի կողմից։ Մրցութային կարգով մասնակցել եւ հաղթող ենք ճանաչվել թե՛ տեղի, թե՛ միջազգային այլ ընկերությունների շարքում։ Աշխատանքները նախատեսված է սկսել արդեն գալիք տարում։

Նախադեպային նոր ծրագրեր ոլորտում. 2019-ը գերհագեցած էր

Հիմնադրեցինք «Հայաստանի էլեկտրամոնտաժողների ակումբը»

Ակումբի հիմնադրմամբ մեր թիմը ցանկանում էր ընդգծել Էլկետրամոնտաժողի մասնագիտության կարեւորությունը, քանի որ էլեկտրամոնտաժը շինարարական ոլորտի հիմնարար ու կարեւորագույն սյուներից է:

Տարեսկզբին, երբ հյուրընկալեցինք «Gewiss» եւ «Raychem» ընկերությունների ներկայացուցիչներին, մեզ համար «բացահայտեցինք», որ հայաստանյան էլեկտրամոնտաժի փոքր եւ նեղ մասնագիտական ոլորտում ոչ բոլորն են միմյանց ճանաչում։ Սա մեզ համար ազդակ էր ստեղծելու մասնագիտական հարթակ փոխշահավետ համագործակցային հարաբերություններ հաստատելու, ամրապնդելու եւ, առհասարակ, ոլորտը զարգացնելու համար:

Ակումբի շրջանակում հնարավորություն է ստեղծվել էլեկտրամոնտաժային ծառայությունների շուկայում առկա եւ նորարարական փորձի փոխանակման, տեխնիկական եւ սպասարկման նորությունների եւ հեռանկարների քննարկման համար: Մեզ համար շատ կարեւոր է, որ այս ոլորտում ակտիվություն լինի եւ գնահատվեն պրոֆեսիոնալները:

Մարտահրավեր՝ նոր սերնդին

2019 թվականը նշանակալի տարի էր, նաեւ այն առումով, որ սկսեցինք նոր ծրագրեր իրականացնել՝ ուղղված ոչ միայն շինարարական, այլեւ ճարտարապետության եւ դիզայնի ոլորտների զարգացմանը: Սեպտեմբերին մեկնարկեցինք Երեւան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված ProfEye Challenge նախագիծը: Այն դիզայներների, ճարտարապետների եւ ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ էր, որը հնարավորություն էր ընձեռում կյանքի կոչել նրանց համարձակ մտահղացումները, նորովի ներկայանալ հանրությանն իրենց ճարտարապետական տեսլականով։ ProfEye Challenge-ի շրջանակում որպես առաջին «մարտահրավեր» ընտրվեց Երեւանի կոլորիտային կառույցներից մեկը՝ Մամուլի շենքը: 14 անհատ ճարտարապետներ եւ ճարտարապետական ընկերություններ մշակեցին եւ առաջարկեցին շենքի արտաքին տեսքի վերականգնմաննախագծեր: Ինչպես եւ խոստացել էինք, հինգ հաղթող նախագծերի հեղինակները մեկնեցին Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող «Պրոֆ Ալ» ընկերության գործընկեր, աշխարհում ալյումինե պրոֆիլների եւ աքսեսուարների արտադրության ոլորտի առաջատարներից Alumil ընկերություն՝ փորձի փոխանակման եւ վերապատրաստման:

Ճարտարապետական հանրույթը մեկ «հարկի» տակ

Արդեն տարեվերջին՝ դեկտեմբերին, մեր ընկերությունը հանդես եկավ դիզայներների, ճարտարապետների եւ ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակի` ակումբի ստեղծման նախաձեռնությամբ: Ակումբի հիմնադրմամբ ցանկանում ենք նպաստել մասնագիտական հանրույթի միավորմանն ու ոլորտի զարգացմանը:

Այդ հարթակում ակումբի անդամները հնարավորություն կունենան մասնագիտական դիսկուրս ծավալել, կրթական ծրագրեր, ազգային եւ միջազգային փորձի փոխանակում իրականացնել, հանդես գալ մասնագիտական էթիկայի հարցերի կարգավորմամբ եւ շահերի պաշտպանությամբ:

Լանդշաֆտային դիզայն եւ բնապահպանական նախագծեր

2019 թվականին կանաչապատման աշխատանքներ ենք իրականացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում։

Բացի այդ, ինչպես գիտեք, հունիսի 1-ին շահագործման հանձնվեց Երեւանի Գլխավոր պողոտայի այգու՝ Սարյան-Մաշտոցի պողոտա վերակառուցված հատվածը, որի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները վստահվել էր մեր թիմին։ Մեր ընկերությունն այգու լանդշաֆտային դիզայնի, հատուկ ծառերի եւ բույսերի ընտրության, ներկրման եւ աճեցման աշխատանքներն իրականացրել է մայրաքաղաքի հանդեպ մեծ սիրով ու մասնագիտական նվիրումով: Մեզ համար պատվաբեր եւ պատասխանատու էր Երեւանի սրտում ծառաշատ ու գեղեցիկ նոր կանաչ գոտու ձեւավորման գործում ներդրում ունենալը:

2019-ը՝ թվերով

2019 թվականին «Պրոֆ Ալ» ընկերությունը վճարել է 785.661.422 դրամ հարկ,

իրականացրել է 21 նախագիծ արտերկրում,

ստեղծել է 78 նոր աշխատատեղ,

ներմուծել եւ տնկել է 4387 ծառ։

Այս թվերն ու տվյալները վկայում են 2019 թվականի հագեցած եւ արդյունավետ տարի լինելու մասին: Բայց ընկերությունը չի սահմանափակվելու այս ամենով եւ ավելի հստակ քայլերով գնալու է առաջ՝ նպատակ ունենալով մյուս տարիներին այս թվերը կրկնապատկել ու եռապատկել:

2020 թվականին «Պրոֆ Ալ»-ը՝ ռազմավարական նոր ուղղություններով

2020 թվականին «Պրոֆ Ալ»-ը կլինի կազմակերպությունների խումբ՝ PROFAL GROUP, արդեն առանձնացված կլինեն լանդաշաֆտի, արտադրության եւ վաճառքի բաժինները: Ունենալու ենք նոր սկզբունքներ եւ բիզնես ուղղություններ, փոխվելու է գործունեության ընդհանուր տրամաբանությունը: Մեր գլխավոր սկզբունքը եւ հաջողության գրավականը որակն է։ «Պրոֆ Ալ»-ի հաջողություններից են նաեւ հուսալի գործընկերները, նվիրված թիմը եւ հիմնադիրների ամբողջական ներգրավվածությունը բիզնեսում: Մենք ոչ մի պրոյեկտի չենք վերաբերում սոսկ շահութաբեր բիզնեսի։ Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «Գաղափարից՝ արարում» (“From Concept To Creation”) մենք մեծ սիրով եւ պատասխանատվությամբ ենք ստանձնում ամենաբարդ եւ ստեղծարար աշխատանքները։

Գալիք տարում մեր ռազմավարական գլխավոր շեշտը դնելու ենք թե՛ շուկայավարման նոր տրամաբանության, եւ թե՜ միջազգային նախագծերում ներգրավվածության վրա: Պատրաստ ենք ընդունելու նորանոր մարտահրավերներ եւ ակնկալում ենք բուռն ու հագեցած տարի: